Վերջին 5 տարում ամառվա ընթացքում ՍՇՎ-ով ամենաշատ հիվանդությունները գրանցվել են 2022-ին

Լիմոն և դեղեր. Արխիվային լուսանկար
Սուր շնչառական վարակներով ավելի շատ հիվանդացել են մինչև 14 տարեկան երեխաները: Երկրում յոթ տեսակի վիրուս է շրջանառվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ամառային շրջանում նկատվում է սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդության դեպքերի աննշան աճ։ Հունիսի 1-ից օգոստոսի 21-ը հանրապետությունում գրանցվել է սուր շնչառական վարակներով հիվանդացության 27 հազար 279 դեպք: Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին առողջապահության նախարարությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանում ամռան համար ոչ բնորոշ համաճարակաբանական իրավիճակ է ստեղծվել. արդեն երկրորդ տարին անընդմեջ այս եղանակին նկատվում է սուր շնչառական վիրուսային վարակների և սուր շնչառական հիվանդությունների ակտիվացում, որոնք բոլորից ծանր տանում են երեխաները: Խախտվել են բոլոր օրինաչափությունները. հայտնի է, որ շնչառական հիվանդությունները մեծ տարածում են ունենում դեկտեմբերին և պահպանվում են մինչև փետրվար-ապրիլ ամիսները։ Հետո սկսվում է միջսեզոնային շրջանը՝ հուլիսից մինչև սեպտեմբեր ակտիվանում են տարբեր աղիքային հարուցիչները։

Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ հիվանդացածների ընդհանուր թվի մեծ մասը 0-14 տարեկաններն են՝ 17 263 երեխա։ Միաժամանակ, ձմեռային և գարնանային սեզոնի համեմատ՝ հիմա սուր շնչառական վարակներով հիվանդացության դեպքերի թվի նվազում է նկատվում։

Սուր շնչառական վարակներով հիվանդներից վերցված նմուշների հետազոտության արդյունքում հայտնաբերվել են ռինովիրուսի 16, պարագրիպի 15, ադենովիրուսի 5, բոկավիրուսի 1, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի 4, մետապնևմովիրուսի 12 հարուցիչներ, ինչպես նաև 6 նմուշներում՝ կորոնավիրուսային հիվանդության SARS-Cov-2 հարուցիչներ:
Վերլուծելով գերատեսչության տրամադրած տվյալները՝ կարելի է հանգել այն եզրակացության, որ այս ամռանը գրանցվել է սուր շնչառական վարակների դեպքերի աճ՝ նախորդ հինգ տարվա հունիս-օգոստոս ամիսների համեմատ։
Մասնավորապես, 2021թ․-ի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը գրանցվել էր սուր շնչառական վարակների 26 469 դեպք, ինչը 810-ով քիչ է 2022թ․-ի ցուցանիշներից։ Սուր շնչառական վարակներն ամենից քիչ տարածումն ունեցել են 2020 թվականին՝ 12 475 դեպք, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով։
2019 և 2018 թվականների հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի մեկը հայտնաբերվել է սուր շնչառական վարակներով հիվանդացության, համապատասխանաբար՝ 21 383 և 23 522 դեպք։