ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները կտրականապես հերքել են Թուրքիայի հայտարարություններն այն մասին, թե Աթենքն իբր իր C-300 զենիթահրթիռային համակարգերը Կրետե կղզում գործի է դրել թուրքական F-16-ի դեմ։ Այս մասին հայտնում է newsbomb.gr կայքը։
«Հունաստանի պաշտպանության նախարարության աղբյուրները Թուրքիայի ՊՆ-ից արտահոսքը որակել են առասպել և ասել, որ դրանք մեր երկրի հանդեպ թշնամական մթնոլորտ ստեղծելու Անկարայի ձախողված փորձի մի մասն են»,-գրում է պարբերականը:
Ավելի վաղ CNN Türk հեռուստաալիքը, վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել էր, որ հունական կողմը C-300 ՀՕՊ համակարգեր է գործի դրել թուրքական F-16 կործանիչների գրավման և ուղեկցման համար: Ինչպես հայտնում են, այդ դրվագը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, թուրքական ինքնաթիռները գտնվել են Ռոդոսից արևմուտք՝ 10 հազար ոտնաչափ բարձրության վրա:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ չնայած այդ թշնամական գործողություններին, ինքնաթիռները կատարել են նախատեսված առաջադրանքները և բարեհաջող վերադարձել են իրենց կայաններ: