ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Երևանում առանձնակի դաժանությամբ ապանել են Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ այսօր, ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկներին մոտեցել է մի քաղաքացի ու հայտնել, որ Դավիթ Բեկի փողոցում չգործող շինանյութի տաղավարի բաց հատվածում՝ բազմոցի վրա, դի կա:
Ոստիկաններն ու քննիչները բազմոցին հայտնաբերել են երիտասարդ տղայի դի՝ գլխի մի քանի վնասվածքներով։ Բազմոցի տակ և բազմոցի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, երկաթե ձող, որի վրա նույնպես եղել են արնանման հետքեր:
Ոստիկանությունն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը: Փաստի առթիվ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կայքի տեղեկություններով՝ սպանվածը Հնկաստանի Հանրապետության քաղաքացի էր, որը սովորում էր Երևանի բուհերից մեկում: