Շաբաթը սկսվեց «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների բողոքի ցույցով, որոնք պահանջում էին բացել առևտրի կենտրոնը, որը փակվել էր հարևանությամբ գործող «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունի հետևանքով։ Ցույցից մեկ օր անց առևտրի կենտրոնը վերսկսեց աշխատանքը։
Երևանում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի հերոս, Ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակին և նշեցին Ռուսաստանի պետական դրոշի օրը։
Այս շաբաթ լրացավ Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարին։ Շնորհավորական ուղերձներից բացի, տեղի ունեցավ ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստը։
Երևանի սրտում շարունակվում է իշխանափոխության պահանջը։ Այս անգամ ևս ակցիայի մասնակիցները պահանջում էին Փաշինյանի հրաժարականը։
Շաբաթը լի էր նաև մարզական իրադարձություններով. Մյունխենում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանը պատվով ներկայացրած մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանին, Արթուր Դավթյանին, Էրիկ Բաղդասարյանին և Համլետ Մանուկյանին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալագրեր և հատուկ մրցանակներ հանձնեց։
Դե իսկ շաբաթվա վերջում Երևանում առաջին անգամ անցկացվեց «Ձյունե թագուհի» սառցե շոուն, որին մասնակցեցին նաև հայ գեղասահորդները։