ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Այսօր առավոտյան ողբերգական ելքով ՃՏՊ է տեղի ունեցել Արցախում` Մարտակերտ քաղաքի «Քեմքեշ» կոչվող տեղամասում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ–ի ոստիկանությունը։
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի հերթապահ օպերատիվ խմբերը, ինչպես նաև քննչական կոմիտեի քննչական խումբը և շտապօգնության կայանի բուժանձնակազմը։
«Պարզվել է, որ ժամը 10:25-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի 18-ամյա բնակիչ Է. Օ.-ն, վարելով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Դրմբոն-Մարտակերտ ավտոճանապարհի 33-րդ կիլոմետրում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և կողաշրջվել»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Պատահարի հետևանքով ուղևորը` Մարտակերտ քաղաքի 16-ամյա բնակիչ Ա.Խ.-ն, տեղում մահացել է։
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտակերտի շրջանային բուժմիավորում։
Հաղորդագրության համաձայն` վթարի նախնական պատճառ է հանդիսացել արագության գերազանցումը:
Ստուգմամբ զբաղվում է Արցախի քննչական կոմիտեն։