ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական նավահանգիստներից նավերն անխոչընդոտ դուրս են գալիս, մոտ 800 հազար տոննա հացահատիկ է բեռնվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Հացահատիկի միջանցքի» վերաբերյալ համաձայնագիրը գործում է համակարգված, ձեզ հայտնի շրջանակներում։ Ուկրաինայի նավահանգիստներում ավելի քան 25 մլն տոննա հացահատիկ կա։ Դրանց դուրսբերումը միջանցքով տեղի է ունենում անխոչընդոտ` Ուկրաինայի և Ռուսաստանի միջև համաձայնագրով ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում։ Խնդիրներ չկան։ Բեռնվել է մոտ 800 հազար տոննա հացահատիկ»,-Աքարի խոսքերն է մեջբերում A Haber հեռուստաալիքը։
Թուրքիայի նախարարի խոսքով` եղանակային և ծովային պայմանները նույնպես ազդում են առաքումների վրա։
«Այսօրվա դրությամբ նավահանգիստներից 36 նավ է դուրս եկել, 39-ն էլ ուկրաինական նավահանգիստներ են ժամանել։ Մենք մշտական կապ ենք պահպանում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ և ուշադիր հետևում ենք գործընթացին», – նշել է նա։
Հուլիսի 22-ին Ստամբուլում կայացավ ուկրաինական հացահատիկի դուրսբերման հարցում ՌԴ–ին աջակցելու վերաբերյալ և ռուսական ապրանքների արտահանման արգելքի չեղարկման վերաբերյալ բազմակողմանի համաձայնագրերի ստորագրումը։
Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչների միջև կնքված գործարքն ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի արտահանում է ենթադրում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում Օդեսայից։