Շիրակի և Գեղարքունիքի մարզերի 100 ընտանիքի 2 ամիս սննդի քարտ կտրամադրվի

Շահառու ընտանիքների յուրաքանչյուր անդամին կտրամադրվի ամսական 19 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը սկսում են «Սննդի քարտեր» փորձնական ծրագիր՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում բնակվող պարենային անապահով 100 ընտանիքի համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Ծրագիրը կիրականացվի 2 ամիս։ Շահառու ընտանիքների յուրաքանչյուր անդամի կտրամադրվի ամսական 19 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (այս պահին գործող փոխարժեքով` մոտ 7.700 դրամ,–խմբ.)։
Ծրագիրը կիրականացվի Միասնական սոցիալական ծառայության, մարզպետարանների և համայնքապետարանների հետ համագործակցությամբ: Կկատարվի պարենային անապահով ընտանիքների նախնական ընտրություն՝ փոխադարձ համաձայնեցված չափորոշիչներով, որպեսզի ծրագրում ներառված լինեն թե՛ տեղացի, թե՛ Արցախից տեղահանված ընտանիքներ։
Ծրագրի իրականացման համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Պարենի համաշխարհային ծրագրի միջև ստորագրվել է փորձնական ծրագրի համաձայնագիր, որի շրջանակում կիրականացվի պարենային կարիքների գնահատում, սննդի քարտերի թողարկման և անխափան օգտագործման փորձարկում, ինչպես նաև արդյունքների գնահատում։
Կառավարության ծրագիրը իբր սոցիալական է, բայց իրականում աջակցում է օլիգարխներին. Պարսյան
«Սննդի քարտեր» փորձնական ծրագրի արդյունքները հիմք կհանդիսանան հնարավոր նոր պետական աջակցության ներդրման համար։ Ծրագրի գործնական փուլը կմեկնարկի առաջիկայում։