Փաշինյանը ԵԱՏՄ զարգացման և որոշումների կայացման գործում կարևորում է երիտասարդության դերը

ՀՀ վարչապետը կարևոր է համարել ԵԱՏՄ-ում իրականացվող սոցիալ-հումանիտար ծրագրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջնահերթություն է համարում Եվրասիական տնտեսական միության շրջանակում սոցիալ-հումանիտար նախագծերի իրականացումը:
Նրա խոսքով` տնտեսական աճի ավելացման միջոցառումները կապված են կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության ոլորտներում մի շարք հարցերի լուծման հետ։

«Դրա հետ կապված` առաջին պլան են մղվում ԵԱՏՄ երկրների միջև սոցիալ-հումանիտար նախագծերը»,- Ղրղզստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը ողջունեց ԵԱՏՄ և ԱՊՀ առաջին երիտասարդական ֆորումի անցկացումը` հույս հայտնելով, որ երիտասարդների հետ աշխատանքը հստակ կերպով կմտնի միության օրակարգ, իսկ համաժողովը կդառնա որոշումների կայացման գործընթացում երիտասարդ մասնագետների ներգրավման արդիական ձևաչափ։
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ–ում գազի միասնական շուկայի ստեղծման երկխոսությանը. Փաշինյան
ՀՀ կառավարության ղեկավարը վստահ է, որ համաժողովի մասնակիցներն ապագայում նոր առաջնորդներ կդառնան, որոնք կձևավորեն ԵԱՏՄ երկրների պետական քաղաքականությունը: Ընդհանուր առմամբ` հայկական կողմը վերահաստատում է ԵԱՏՄ երկրների քաղաքացիների բարեկեցության բարելավման նպատակով ընդհանուր օրակարգն առաջ մղելու ուղղությամբ համագործակցության պատրաստակամությունը:
Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 26-ին, Ղրղզստանում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը։
ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրը 2022 թ-ի առաջին կիսամյակում աճել է 52,5%-ով. Փաշինյան
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։