Նմանը չկա. Մալկինան` Եվրասիական վերաապահովագրական ընկերության մասին

Այս ընկերությունը պետք է ԵԱՏՄ տարածքում և երրորդ երկրներում քաղաքական ռիսկերից վերաապահովագրի արտահանման վարկերն ու ներդրումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Եվրասիական վերաապահովագրական ընկերության կանոնադրական հիմնադրամը կկազմի 15 մլրդ ռուբլի։ Այն ձևավորվելու է ԵԱՏՄ երկրների անդամավճարների հաշվին։ Այս մասին ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարության ղեկավարների մասնակցությամբ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Չոլպոն-Աթա–Մինսկ–Երևան–Բիշքեկ տեսակապի ընթացքում պատմել է ԵՏՀ–ի ներկայացուցիչ Իյա Մալկինան։
«Ընկերության ապահովագրական պոտենցիալ ծավալը մոտ 2 մլրդ դոլարի է հասնելու։ Փորձագետների գնահատականներով` նման կազմակերպություն, համենայնդեպս եվրասիական տարածքում, գոյություն չունի», – ասել է նա։
Մալկինայի խոսքով` ընկերությունն արժեքավոր է նրանով, որ այն խթանելու է փոխադարձ արտաքին առևտուրը և համատեղ համագործակցային նախագծերի իրականացումը ապահովագրական ծավալների և ռիսկերի պրոֆեսիոնալ կառավարման հաշվին։ ԵՏՀ–ն հույս ունի, որ այս ընկերությունը արտահանող վարկային կազմակերպությունների աշխատանքը կլրացնի անդրազգային մակարդակով և ԵԱՏՄ տարածքում և երրորդ երկրներում քաղաքական ռիսկերից կվերաապահովագրի արտահանման վարկերն ու ներդրումները։
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի ստեղծման երկխոսությանը. Փաշինյան
Նա նաև հավելել է, որ սակագների, անդամավճարների և այլ հարցերի հետ կապված ամեն բան կքննարկվի ԵԱՏՄ երկրներում համաձայնագրի վավերացումից հետո։ Միայն դրանից հետո ԵՏՀ–ն կսկսի մարտավարական լուծումներ մշակել տվյալ ընկերության գործունեության վերաբերյալ։
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները նախօրեին Չոլպոն–Աթայում ընդունել են Եվրասիական վերաապահովագրման ընկերության ստեղծման մասին համաձայնագիրը։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարծում է, որ ընկերությունը բիզնեսի աջակցման ևս մեկ գործիք կդառնա։ Ըստ նրա` նոր կազմակերպությունը համագործակցություն կխթանի ներդրումային ոլորտում, կապահովի արտահանման վարկեր և համագործակցություն ապահովագրական ու վարկային գործակալությունների հետ։ Նա պատմել է, որ նախատեսում են սեփական արժեթղթեր թողարկել և նախագծեր ֆինանսավորել։
ԵԱՏՄ-ում վերաապահովագրական ընկերություն կստեղծվի. լուրը հայտնել են ԵԱՏՄ վարչապետները