ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ՀՆԱ-ն 2022 թվականի առաջին կիսամյակում աճել է 11%-ով։ Այս մասին Եվրասիական զարգացման բանկի երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը հայտարարել է «Միջազգային պատժամիջոցներն ու դրանց ազդեցությունը ԵԱՏՄ երկրների տնտեսության վրա. խնդիրներ և նոր հնարավորություններ» թեմայով կազմակերպված կլոր սեղանի ընթացքում։
«Միջազգային պատժամիջոցներն ու դրանց ազդեցությունը ԵԱՏՄ երկրների տնտեսության վրա. խնդիրներ և նոր հնարավորություններ» թեմայով կազմակերպված կլոր սեղան
© Sputnik / Asatur Yesayants
Նրա խոսքով` ընթացիկ տարում Հայաստանը ԵԱՏՄ-ում աճի առումով առաջատար է։ Առաջին կիսամյակի արդյունքներով` երկրի ՀՆԱ-ն աճել է 11%-ով։
«Այս արդյունքը գրանցվել է նախևառաջ երկրում սպառողական պահանջարկի զգալի ավելացման շնորհիվ։ Այսպես, օրինակ, ծառայություններն աճել են շուրջ 20%-ով, առևտրաշրջանառությունը` 10%։ Հենց դրանք են ապահովել մոտ 80% աճը»,- ասել է Կուզնեցովը։
Սպառողական ակտիվությունը պայմանավորված է մի քանի գործոնով։ Նախ` երկիր զբոսաշրջիկների ներհոսքը կրկնակի աճել է։ Առաջին կիսամյակում նրանց քանակը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 2,4 անգամ։ Ավելի քան 2.5 անգամ ավելացել է զբոսաշրջիկների թիվը Ռուսաստանից, իսկ դա երկրի բոլոր զբոսաշրջիկների մոտ 40%-ն է։
Սպառողական պահանջարկի աճի մյուս գործոնը դեպի Հայաստան դրամական փոխանցումների կտրուկ աճն է։ Երկու ամիս շարունակ բացարձակ ռեկորդներ են գրանցվում, մայիսին` մոտ 260 մլն դոլար, հունիսին` շուրջ 460 մլն դոլար։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին դրամական փոխանցումներն ամսական միջինը մոտ 70-72 մլն դոլար են եղել։
Կուզնեցովի խոսքով` սպառողական պահանջարկը կպահպանվի նաև ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում և կապահովի տնտեսության աճն ընդհանուր առմամբ։
Ավելացել են նաև շինարարության և արդյունաբերական արտադրության ծավալները։ Ներդրումներն աճել են 18%-ով։ Այս միտումները հաշվի առնելով` 2022 թվականին աճը կգերազանցի սպասումները։