ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Այսուհետ Գյումրու ամենահայտնի բակում` Շիրազի 22 հասցեում, հատուկ ցուցադրություն կգործի, որը նախաձեռնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:
Գյումրիում կինոտուն է բացվել
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Այս վայրում պատմական հիշողություններ կան։ Սա սիրված վայր է եղել ռեժիսորների, հատկապես Ալբերտ Մկրտչյանի համար, և սա հայկական կինոմշակույթը ցույց տալու ամենահարմար վայրն էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դեմոյանը` նշելով, որ լուսանկարչական նյութերը տրամադրել են Հայաստանի ազգային արխիվն ու Գրականության ու արվեստի թանգարանը։
Դեմոյանը Գյումրիում արդեն երեք թանգարանային ցուցադրություն է կազմակերպել, մարզական քաղաքին վերաբերող ցուցադրություն նախաձեռնելու նպատակ ևս կա:
«Գյումրին չհղկված ալմաստ է, որն ադամանդ դեռ չի դարձել։ Սովորական աչքն էլ է տեսնում, թե այստեղ ինչքան շատ բան կա փոխելու ու լավացնելու։ Մեր նպատակներից մեկն այդ գործընթացին մասնակցելն է»,- ասաց նա։
Կինոտունը բացվել է «Մեր մանկության տանգոն» և «Ուրախ ավտոբուս» ֆիլմերում նկարահանված Տաթև Կարապետյանի հարազատներին պատկանող նկուղում։ Ծրագիրը շատ արագ է կյանքի կոչվել. մոտ երեք շաբաթ է պահանջվել նկուղը կարգի բերելու և ցուցադրությունը կազմակերպելու համար:
«Անելիք շատ կար. տարածքը բարձիթողի վիճակում էր, տարիների ընթացքում կուտակված կենցաղային աղբ էր հավաքվել»,- ասաց գործարար Արթուր Դավթյանը, որն օգնել է կյանքի կոչել նախագիծը։
Արթուր Դավթյանն ու Հայկ Դեմոյանը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Նրա կինը` Տաթև Կարապետյանը, մեծացել է հենց այդ բակում:
«Հիշողությունը «Մեր մանկության տանգոն» ֆիլմից շատ չէ. 4-5 տարեկան եմ եղել: Ուրախ եմ, որ այսօր ունենք մշակութային փոքրիկ օջախ, որտեղ կարող ենք վերհիշել այդ օրերը ու զբոսաշրջիկներին էլ պատմել դրանց մասին»,- ասաց Կարապետյանը։
Տաթև Կարապետյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Նախաձեռնության հեղինակները վստահեցրին՝ կանեն այնպես, որ ցուցադրություն այցելող մեծաթիվ հյուրերը անհանգստություն չպատճառեն բնակիչներին. բակում 9 ընտանիք է ապրում, իսկ շենքը վթարային է, ու հատկապես մեծաթիվ խմբերով քաղաքացիների մուտքը երկրորդ հարկ՝ բնակելի հատված, կարող է խնդիրներ առաջացնել:
Ցուցադրության մուտքն անվճար է, բայց հանգանակության արկղ կա, որում հավաքված գումարը կուղղվի բակի բարեկարգմանը:
Ցուցադրությանը ներկայացված են արխիվային լուսանկարներ
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Կազմակերպիչները վստահ են՝ Գյումրիում զբոսաշրջիկների մշտական այցելությունների վայրն այս ցուցադրությամբ ավելի կսիրվի: