Երևանում 20-ամյա ծննդկան է մահացել. նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Վանաձորից

Հիվանդանոց. արխիվային լուսանկար
Քրեական վարույթ է նախաձեռնվել «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժշկի նկատմամբ, որի անունն առայժմ չի հրապարակվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Երևանում 20 տարեկան ծննդկան է մահացել։ Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը հայտնում է, որ կինը` Մերի Գրիգորյանը, իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր՝ հոգեվարքային վիճակում։
Ըստ հաղորդագրության` երեկ` օգոստոսի 25-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնում արձանագրվել է ծննդկանի պտղի մահը, ապա կինը տեղափոխվել է Երևան։

«Ճանապարհին վիճակն ավելի է բարդացել, արձանագրվել է պերիֆերիկ անոթազարկի բացակայություն և գիտակցության կորուստ։ Կյանքի հետ անհամատեղելի տվյալներով՝ անգիտակից վիճակում, ծննդկանին հասցրել են Հանրապետական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունք, որտեղ արձանագրվել է երիտասարդ կնոջ կենսաբանական մահը»,- նշված է հաղորդագրությունում։

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժշկի նկատմամբ, որի անունն առայժմ չի հրապարակվում, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Սարսափելի վթար Լոռիում. մահացել են 15 և 18 տարեկան 2 աղջիկ և 20–ամյա տղա