ԵԱՏՄ-ում վերաապահովագրական ընկերություն կստեղծվի. լուրը հայտնել են ԵԱՏՄ վարչապետները

Վերազգային վերաապահովագրական ընկերության ստեղծումը զգալիորեն կմեծացնի փոխադարձ առևտրի հնարավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների վարչապետները համաձայնագիր են ստորագրել Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծման մասին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը` Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում իր ելույթի ժամանակ:

«Սա կլինի բիզնեսը խթանելու ևս մեկ գործիք։ Սա այն է, ինչի մասին մենք նախկինում պայմանավորվել էինք, իսկ երեկ արդեն մանրամասն քննարկել ենք Եվրասիական վերաապահովագրական ընկերություն ստեղծելու գաղափարը: Մենք արդեն ստորագրել ենք ընկերության ստեղծման համաձայնագիրը»,- ասաց Միշուստինը:

Գաղափարի համաձայն` վերաապահովագրական ընկերությունը տրամադրելու է ապահովագրական աջակցություն ԵԱՏՄ անդամ երկրների միջև իրականացվող փոխադարձ և արտաքին առևտրի ժամանակ, նպաստելու է ներդրումային համագործակցության զարգացմանը, տրամադրելու է արտահանման վարկեր` համագործակցելով տեղական վարկային կամակերպությունների և ապահովագրողների հետ:
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի ստեղծման երկխոսությանը. Փաշինյան
Միշուստինի խոսքով՝ ծրագիրը ներառելու է նաև սեփական արժեթղթերի թողարկման ու նախագծերի ֆինանսավորման բաղադրիչ։
Ըստ փորձագիտական գնահատականի՝ 2 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ ապահովագրական կարողությունների ի հայտ գալը հնարավորություն կստեղծի ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխադարձ առևտրի ծավալը ավելի քան 6 միլիարդ դոլարով ավելացնելու համար։
Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 26-ին, Ղրղզստանում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը։
ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրը 2022 թ-ի առաջին կիսամյակում աճել է 52,5%-ով. Փաշինյան
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։