ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո բնակավայրերում ավարտվել է հուշարձանների տարհանումը, հայտնում է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը։
«Տեղափոխվել է ընդհանուր թվով մոնումենտալ արվեստի 46 հուշարձան, Բերձորի քաղաքային և Աղավնոյի դպրոցական գրադարանները։ Բերձորի քաղաքային գրադարանից 10 000-ից ավել գիրք տեղափոխվել և պահվում է Ստեփանակերտում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Մոնումենտալ արվեստի հուշարձանները հիմնականում տեղափոխվել են Ստեփանակերտ, բացառությամբ՝ Աղավնոյի Սբ․ Նահատակաց եկեղեցի հուշահամալիրում գտնվող մեկ խաչքարի և 4 հուշաքարի։ Դրանց վրա գրված էին Սյունիքի աշխարհազորի զոհված ազատամարտիկների անուններ, և հարազատների ցանկությամբ ու առաջարկությամբ տեղափոխվել են Եռաբլուր։
Իսկ Բերձորի հուշահամալիրում գտնվող սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված խաչքարը Սարգսյանի ընտանիքի առաջարկությամբ տեղափոխվել է Արարատի մարզի Արարատ համայնք և տեղադրվելու է Սբ. Հակոբ եկեղեցու բակում։
Առաջարկ կա Ստեփանակերտ կամ Մարտակերտ քաղաքում ստեղծել պուրակ, որտեղ կտեղադրվի Ներքին Սուսի հերոսների պուրակից տարհանած հուշարձանախումբը։ Նշվում է նաև, որ առաջարկները կքննարկվեն մասնագիտական շրջանակում։
Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Դրանից մեկ օր առաջ` օգոստոսի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում Արցախը Հայաստանի հետ կապող նոր ճանապարհի նախագիծ է լինելու։