Թուրքական ինքնաթիռները ՆԱՏՕ-ի վարժանքի ընթացքում հետապնդվել են հունական F-16-ների կողմից

Թուրքիան պահանջում է դադարեցնել Էգեյան ծովի արևելյան մասում հունական կղզիների ռազմականացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Թուրքական մարտական ​​ինքնաթիռները հետապնդման են ենթարկվել հունական F-16 կործանիչների կողմից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրը։
«ՆԱՏՕ-ի AWACS ինքնաթիռը, որը թռիչքներ էր իրականացնում Էգեյան ծովի վրա, և երկու թուրքական կործանիչներ, որոնք Nexus Ace ուսումնավարժական առաքելություն էին իրականացնում, օգոստոսի 24-ին հետապնդումների են ենթարկվել հունական F-16 կործանիչների կողմից՝ ռադիոլոկացիոն արգելափակմամբ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ «թուրքական կողմը ստիպված է եղել ըստ համարժեք կերպով արձագանքել, և հունական ինքնաթիռները հեռացել են տարածաշրջանից»:
Վերջին ամիսներին Թուրքիան պահանջում է դադարեցնել հունական կղզիների ռազմականացումը Էգեյան ծովի արևելյան մասում։ Ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, կղզիների ռազմականացումը միջազգային վաղեմի պայմանագրերի խախտում է և հարցականի տակ է դնում կղզիների ինքնիշխանությունը։ Նրա խոսքով՝ Թուրքիան վճռական է տրամադրված այդ կղզիների ինքնիշխանությունը քննարկելու և վիճարկելու հարցում, եթե Հունաստանը չդադարեցնի խախտումները:
Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններն ավելի են սրվել մայիսի 17-ին ԱՄՆ Կոնգրեսում Հունաստանի վարչապետ Միցոտակիսի ելույթից հետո, որում նա հայտարարել էր հունական կղզիների երկնքում թուրքական կործանիչների աննախադեպ մեծ քանակի թռիչքների մասին և կոչ արել F-16 ինքնաթիռներ չվաճառել «նրանց, ովքեր խաթարում են Միջերկրական ծովի կայունությունը»: Դրանից հետո Էրդողանը Հունաստանի վարչապետին մեղադրել է այն բանում, որ վերջինս խախտել է իրենց հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, և ասել է, որ Միցոտակիսը որպես քաղաքական գործիչ իր համար այլևս գոյություն չունի, և որ ինքը նրա հետ ո՛չ հանդիպելու մտադրություն ունի, ո՛չ էլ գործ ունենալու:
Ելույթներից մեկում Էրդողանը հույս է հայտնել, որ «հույն ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով դաս կտա իր կառավարիչներին, որոնք ընկնում են հույն ժողովրդին աղետալի վերջ խոստացող արկածախնդրությունների հետևից»։