2022-2023 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ն անցկացվելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը` հավելելով, որ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանը։
Նշվում է, որ 1 ամիս բոլոր ուսումնական հաստատությունների ու դպրոցների շրջակայքում կապահովեն պատշաճ հասարակական կարգ և անվտանգ երթևեկություն։
Միաժամանակ նշվել է, որ հանցագործությունները, մասնավորապես գողության ու գրպանահատության դեպքերը կանխելու նպատակով Ցուցուլյանը հանձնարարել է ուժեղացնել ծառայությունը տոնավաճառների և գրենական պիտույքների վաճառակետերի մոտ։
Անդրադարձ է կատարվել ուսումնական հաստատությունների շրջակայքում գծանշումների թարմացմանը։ Հանձնարարվել է համագործակցել ՏԻՄ–երի հետ, որ մինչև սեպտեմբերի 1-ը բոլոր դպրոցների մոտ լինեն թարմացված գծանշումներ։