Կապիկի ծաղիկ հիվանդության դեպքերը նվազում են ամբողջ աշխարհում, բացի Ամերիկայից

Մեկ շաբաթում Ամերիկա մայրցամաքում գրանցված դեպքերի թիվը կտրուկ աճել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 15-ից 21-ը աշխարհում կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակվելու դեպքերը նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 21%-ով։ Տեղեկությունը հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` այս ցուցանիշն արտացոլում է եվրոպական տարածաշրջանում դեպքերի թվի նվազման միտումները։
Միաժամանակ նշվում է, որ օգոստոսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Ամերիկա մայրցամաքում գրանցված դեպքերի թիվը կտրուկ աճել է։
Ավելի վաղ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրայեսուսը հայտարարել էր, որ կազմակերպությունը մշակում է հետազոտությունների ծրագրեր, որոնք երկրները կարող են օգտագործել պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ տվյալներ ստանալու համար:
Կազմակերպության վերջին տվյալներով՝ 92 երկրում արդեն գրանցվել է կապիկի ծաղիկի 35 հազար դեպք։
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց միջև սերտ շփման հետևանքով։ Վարակվածների մեծ մասը սովորաբար ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ բարդություններ, այնուամենայնիվ, հնարավոր են:
Բժիշկը զգուշացրել, որ է կապիկի ծաղիկը կարող է որպես ալերգիա «քողարկվել»
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, ավշային հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում։ Վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, որոնք ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղիկի ախտանշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, որոնք պատվաստվել են բնական ծաղիկի դեմ, որոշակի պաշտպանվածություն ունեն նաև կապիկի ծաղիկ հիվանդության դեմ:
Վարակը կարող է ավելի ծանր ընթանալ երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով: