Արագածոտնի մարզի Օրգով գյուղում Պարիս Հերունու աստղադիտարանի տարածքը 3 օրով վերածվելու է ժամանակակից արվեստի ներկայացման մեծ հարթակի՝ միավորելով տարբեր երկրներից ժամանած արտիստների և երկրպագուների։
Մեծ աղմուկ ու բաց նամակներ
Սեպտեմբերի 10-12-ը նախատեսված «Sensor» երաժշտական և ժամանակակից արվեստի փառատոնի շուրջ վերջերս մեծ աղմուկ բարձրացավ համացանցում։ Սկզբում փառատոնի, ավելի ճիշտ՝ դրա անցկացման վայրի վերաբերյալ վրդովմունք հայտնեց Պարիս Հերունու դուստրը՝ Նանա Հերունին, ապա «Քարահունջ հայագիտական կենտրոնը» հանդես եկավ բաց նամակով, ձևավորվեց «Փրկենք Պարիս Հերունու աստղադիտակը» նախաձեռնությունը, առցանց ստորագրահավաք կազմակերպվեց՝ սպասվող միջոցառումը չեղարկելու պահանջով։
Նշվում էր, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, որի ենթակայության տակ են Պարիս Հերունու ռադիո-օպտիկական դիտակը և հարակից տարածքը, պահպանության համար 45 մլն դրամ է տարեկան ստանում պետությունից, ոչ միայն այդ միջոցները չի ծախսում սարքի պահպանության ու զարգացման նպատակով, այլև աստղադիտակը վարձով տրամադրում է երաժշտական խմբերի, դարձնում տեսահոլովակների նկարահանման վայր և այլն։
Պարիս Հերունու աստղադիտակը
© Aram Nersesyan
Ապա հնչած քննադատություններին բաց նամակով պատասխանեց «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը» (ՍՉԱՄ)՝ նշելով, որ ըստ կնքված պայմանագրի, արգելվում է փառատոնի մասնակիցներին և աշխատակիցներին մտնել կամ օգտագործել այն տարածքները, որոնք ներառված չեն միջոցառման անցկացման համար դիտարկված հատակագծի մեջ՝ մասնավորապես, ռադիոաստղադիտակի և նրան հարող հարավային թունելի հատվածը, ինչպես նաև ազգային չափանմուշների համար նախատեսված շինությունները։
Անդրադառնալով այն պնդմանը, թե ռադիոաստղադիտակը ենթակա է վերազինման և վերաշահագործման` ՍՉԱՄ-ի բաց նամակում նշվեց, թե դիտակը նախկինում չի էլ գործել՝ ռադիոաստղադիտակի կարգաբերման անհնարության և կոնստրուկտիվ համադրման տեսակետից կոպիտ սխալներով կառուցված լինելու պատճառով: Ռադիոդիտակն այժմ լուրջ վերանորոգման կարիք ունի, ուստի ի վիճակի չէ գիտության ժամանակակից խնդիրներ լուծել: Մինչ համացանցում մեկը մյուսի հետևից բաց նամակներ էին գրվում՝ ընդդեմ և ի պաշտպանություն, փառատոնի կազմակերպիչները որոշեցին լրագրողական այց կազմակերպել՝ տեղում պատմելու ու ներկայացնելու՝ ինչ է իրականում կատարվում տարածքում, ու ինչ է սպասվում։
Պարիս Հերունու աստղադիտակը
© Aram Nersesyan
Ինչ է կատարվում Օրգովում
«Sensor» միջազգային եռօրյա փառատոնի շրջանակում նախատեսվում է աստղադիտարանի տարածքում վրանային ճամբար հիմնել, իսկ չորս երաժշտական բեմերում ելույթ են ունենալու Հայաստանից, Ավստրիայից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Վրաստանից, Իսրայելից, Իտալիայից, Նիդեռլանդներից, Ռուսաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թայվանից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Ճապոնիայից ժամանած ավելի քան 80 արտիստներ: Ընդհանուր առմամբ, սպասվում է մոտ 3500 մասնակից գրեթե 2 տասնյակ երկրներից, անգամ՝ Կոնգոյից, Սինգապուրից, ԱՄԷ-ից և այլն։
Փառատոնի համահիմնադիր Նատալյա Աբելն ասում է՝ երկու տարի առաջ հայ գործընկերները ցույց տվեցին աստղադիտարանի տարածքն, ու այդ օրվանից իրենք երազել են փառատոն անել այստեղ, ըստ էության՝ տարածքն է ոգեշնչել ամբողջ փառատոնի կոնցեպտը։
Նատալյա Աբելը Պարիս Հերունու աստղադիտակի մոտ
© Sputnik / Aram Nersesyan
«Որոշեցինք փառատոնին մի քիչ, այսպես ասած, տիեզերական կերպարանք հաղորդել, գիտական ֆանտաստիկա։ Լինելու են էլեկտրոնային երաժշտություն, երաժշտական խմբերի կենդանի կատարումներ, նկարիչներն աշխատելու են մեդիա, լուսային ինստալյացիաների ժանրում, լինելու են նկարներ, քանդակներ, նաև ինտերակտիվ ինստալյացիա և այլն»,- ասում է Նատալյան ու շեշտում՝ արվեստը լրացնում է գիտությանն, ու այդ միասնությունը Հայաստանի հարստությունն է։
Փառատոնի համահիմնադիր Լևոն Հունանյանի խոսքով՝ նախապատրաստական, շինարարական, մաքրման, ենթակառուցվածքների վերականգնման բոլոր աշխատանքներում համագործակցում են պատասխանատու մարմնի հետ, քննարկում՝ որտեղ և ինչ կարող են անել։ Հոգացել են նաև անվտանգության մասին․ոչ միայն մասնակիցների, այլև տարածքի։ Բոլոր այն հատվածներում, որտեղ մարդիկ չպետք է լինեն, անվտանգության աշխատակիցներ են լինելու՝ մուտքը թույլ չտալու համար։
Պարիս Հերունու աստղադիտակի տարածքում Sensor միջազգային երաժշտական փառատոնն է լինելու։
© Aram Nersesyan
Ինչ վերաբերում է ռադիո-օպտիկական աստղադիտակին, ապա այն փառատոնի խորհրդանիշն է․ հատուկ շեշտում են՝ ոչ ոք աստղադիտակի մեջ չի մտնելու, վրայով չի քայլելու, անգամ տեսականորեն հնարավոր էլ չէ, որովհետև մուտքը զոդված է։ Աստղադիտակը լազերային մեդիա ինստալյացիայի հարթակ է լինելու, բայց լուսային սարքավորումներն աշխատելու են կողային հատվածից, այսինքն՝ ֆիզիկական կոնտակտ դիտակի հետ չի լինելու։
«Մենք լաբորատորիաները մաքրում ենք, հատակը սալիկապատում, բետոնապատում, տանիքները նորոգում, էլեկտրաէներգիա անցկացնում, սանհագույցների հարցն ենք լուծում և այլն, բարեկարգում միջավայրը նաև գիտական աշխատանքներ կատարելու համար, և գիտական ոչ մի միջավայր փոփոխության չի ենթարկվում»,- նշում է Լևոնը։
Լևոն Հունանյանը Պարիս Հերունու աստղադիտակի մոտ
© Sputnik / Aram Nersesyan
Հավելում է՝ ի վերջո, այն ամենը, ինչ անում են, աստղադիտարանի տարածքի համար է, որն իրենք ընդամենը մի քանի օրով, այլ ոչ թե տարով են վարձակալել։
Քեմփինգի համար նախատեսված տարածքներում փառատոնի կազմակերպիչները 300 վրաններ են տեղադրելու, որոնք կարող են վարձակալել հյուրերը։ Եվս 200 վրանի համար էլ տարածք է առանձնացված, որպեսզի ցանկության դեպքում հյուրերն իրենց վրաններով գան։ Քանի որ փառատոնի շրջանակում ավելի մեծ թվով հյուրեր են սպասվում, քան հնարավոր է վրաններում տեղավորվել, շրջակա գյուղերում նաև հյուրատնային պայմաններ են ստեղծվում, նշանակում է՝ բնակիչները նաև լրացուցիչ եկամտի հնարավորություն են ստանում։
Պարիս Հերունու աստղադիտակը
© Aram Nersesyan
Լևոնի խոսքով՝ թեպետ հիմա դեռ վաղ է արդյունքների մասին խոսել, բայց ակնկալիքները մեծ են․Հայաստանը համարձակ հայտ է ներկայացնում տարածաշրջանում՝ աշխարհին ներկայանալով ժամանակակից արվեստի ու երաժշտության փառատոնով։
Փառատոնից հետո կառուցված բեմերը չեն ապամոնտաժվելու․նպատակ ունեն «Sensor» ամենամյա դարձնելու։