ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով նախաքննության շրջանակում Երևանի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդել է դադարեցնել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի գործունեությունը` մինչև սեփականատիրոջ կողմից առևտրի կենտրոնի տարածքում հրդեհային անվտանգության կանոնների խախտումների վերացումը:
Դատախազությունից հայտնում են, որ միջնորդագրերն ուղարկվել են ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին։
Երևանի դատախազի մեկ այլ միջնորդագրով «Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգության կրկնությունը բացառելու նպատակով առաջարկվել է սեղմ ժամկետում քննարկել ու ստուգումներ իրականացնել Երևանում գործող այլ խոշոր առևտրի կենտրոններում և հատկապես այն կենտրոններում, որոնք տեղակայված են այլ նպատակային նշանակությամբ կառուցված շենքերում։
Առաջարկվել է նաև հանրապետության ամբողջ տարածքում գործող առևտրի սրահներում և մարդկանց մեծ կուտակում ունեցող վայրերում վերահսկել հրագործական արտադրատեսակների վաճառքով զբաղվող տնտեսվարողների կողմից համապատասխան իրավական նորմերի պահպանումը։
Բանն այն է, որ ոչ միայն 2022թ. օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի, այլև 2021թ.-ի ապրիլի 6-ին տեղի ունեցած հրդեհի դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում 2021 թվականին կատարված տեսչական ստուգումների արդյունքում «Սուրմալուում» հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների 16 խախտումներ և արձանագրվել դրանց վերացման ժամկետները: Իսկ վերջնաժամկետից հետո նոր ստուգումներին և կանխարգելիչ միջոցառումներին ուղղված որևէ գործողություն չի իրականացվել:
Պարզվել է նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոշ տնտեսվարողներ զբաղվել են հրագործական արտադրատեսակների պահեստավորմամբ և ազատ վաճառքով, ինչը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 18.06.2015թ. 595 հրամանով հաստատված հրդեհային անվտանգության կանոններով արգելված է:
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած։