Թեժ աշուն Անիում. ովքե՞ր են ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել

Ընտրություններ. արխիվային լուսանկար
Շիրակի մարզի 19 բնակավայր միավորող Անի խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինը նոյեմբերին կավարտի իր լիազորությունները: Մինչ այդ նոր ընտրություններ կանցկացվեն: Համայնքում արդեն իսկ թեժ ընտրապայքար է կանխատեսվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 18 համայնքում, այդ թվում` Անի խոշորացված համայնքում։ Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն արդեն ավարտված է, ընտրապայքարին մասնակցելու հայտ են ներկայացրել երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայկական երազանք» կուսակցությունները և «Ազգ-համայնք» դաշինքը:
Թեև տեղամասային ընտրական հանձնաժողովը (ՏԸՀ) այս պահին ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և պաշտոնապես գրանցումների մասին կհայտնի օգոստոսի 26-ին, բայց արդեն հստակ է՝ պայքարը թեժ է լինելու. ավագանու 21 տեղի համար 147 հայտ է ներկայացվել։
Նշենք, որ ՏԸՀ–ն ՔՊ-ից ստացել է 63 թեկնածուի հայտ։ Ցուցակը գլխավորում է Արման Սարիբեկյանը։ «Հայկական երազանք» կուսակցությունը թիվ 33 ՏԸՀ է ներկայացրել 23-հոգանոց ցուցակ, որ գլխավորում է Ագուն Սաղաթելյանը։
«Ազգ-համայնք» դաշինքը, որը ձևավորվել է Ռեֆորմիստների կուսակցության և Հայաստանի ժողովրդավարական ազատական միության միավորումից, 61 թեկնածու ունի, ցուցակը գլխավորում է Անի խոշորացված համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանը:
Նա մինչ համայնքի խոշորացումը, 2004 թվականից ղեկավարում է Մարալիկ համայնքը: ՀՀԿ-ական Գևորգյանը այն եզակի ղեկավարներից է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո մինչ օրս իր պաշտոնին է:
19 բնակավայր ունեցող համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 31-ին և կավարտվի սեպտեմբերի 23-ին։ Ընտրություններին համայնքն ունենալու է 20 տեղամաս, Բարձրաշեն ու Նոր Շեն (Խարկով) բնակավայրերը տեղամասեր չեն ունենա գրանցված բնակիչներ չունենալու պատճառով:
Նախկինում ՀՀԿ-ից էին, հիմա ՔՊ-ն են ներկայացնում. ի՞նչ կփոխվի ՏԻՄ ընտրություններից հետո