ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հորն ազատ արձակելու համար առևանգողները 3 միլիոն դոլար են պահանջել, բայց բանակցությունների արդյունքում պայմանավորվել են 200 հազար դոլարի շուրջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ կորել է Քոքոբելյանի հայրը` 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը։ Նրա անհետացման դեպքի առիթով քննչական կոմիտեում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օգոստոսի 2-ին Խաչատուր Քոքոբելյանը հայտնեց, որ հայրը ողջ և առողջ գտնվել է, իսկ օգոստոսի 11-ին հայտարարեց, որ առևանգման գործով ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգումը բացահայտվել է ԱՄՆ-ի, Իրանի, Ուկրաինայի հատուկ մարմինների հետ համագործակցությամբ։
«Հանցագործները հետքերը թաքցնելու նպատակով պատանդի հարազատների հետ կապվել են ուկրաինական հեռախոսահամարով գրանցված Whatsapp հավելվածի միջոցով, ընդ որում` հաղորդակցության ընթացքում օգտագործել են VPN ծառայություններ: Ուկրաինայի կիբեռոստիկանության գործընկերների միջոցով արագ հաջողվեց պարզել, որ նշված հեռախոսահամարը գրանցված չէ իրենց բջջային օպերատորների կողմից: Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հեռախոսահամարը ձեռք է բերվել վիրտուալ հեռախոսահամարների վաճառքի կայքից: Կարողացանք պարզել նաև, որ այդ հեռախոսահամարով Whatsapp հավելվածին հասանելիությունը ստացվել է ԻԻՀ տարածքից»,- ասում է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Արմեն Աբրահամյանը:
ԻԻՀ կիբեռոստիկանությանը և Թեհրանում Ինտերպոլի ծառայողներին փոխանցվել են բավարար տեղեկություններ` հաղորդագրությունները ուղարկող անձանց ինքնությունը պարզելու համար: Իրանի գործընկերները կարճ ժամանակում հայտնաբերել և ձերբակալել են նրանց: Առգրավված համակարգչային տեխնիկայի զննությամբ գտնվել է նաև Հայաստանում առևանգված անձի ազգականների հետ ունեցած նամակագրությունը: Ավելին` Իրանի իրավապահները պարզել են Հայաստանից հաղորդագրությունը ուղարկած անձի ինքնությունը:
«Շորթման կազմակերպիչներից երկուսն իջևանցի էին` 37-ամյա և 25-ամյա տղամարդիկ: Ներգրավված էին նաև այլ անձինք, որոնց վերաբերյալ տեղեկություն տրամադրելն առայժմ նպատակահարմար չէ: Հետքերը թաքցնելու նպատակով շորթողներն ամեն մի նոր քայլ ձեռնարկելիս փոխել էին ավտոմեքենաները: Հուլիսի 27-ի առավոտյան 83-ամյա տղամարդուն առևանգել և աչքերը կապած տեղափոխել էին արծաթափայլ «Օպել» մակնիշի մեքենայով, դաշտամիջյան ճանապարհներով: Այս ընթացքում պատանդին նստեցրել էին 37-ամյա տղամարդու աներոջ անունով հաշվառված «Տոյոտա Պրադոն», որով էլ հասցրել էին Լոռու մարզի Ծաթեր գյուղ, որտեղ պատանդին պահելու համար նախօրոք վարձակալել էին հյուրատուն: Նրան ազատ արձակելու դիմաց գումարը պահանջել են կրիպտոարժույթով: Հաջողվեց պարզել կրիպտոարժույթի դրամապանակի տիրոջ ինքնությունը, որը ԻԻՀ իրավապահների կողմից արդեն իսկ ձերբակալվածներից մեկն էր»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Տուժածի հարազատներն այդ ընթացքում շարունակել են վիրտուալ շփումները շորթողների հետ և համաձայնության եկել։
«Հանցագործները պահանջել են 3 միլիոն դոլար փոխանցել իրենց կողմից նշված կրիպտոարժույթի դրամապանակին: Սակայն բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 200 հազար դոլարի շուրջ, որը պետք է վճարվեր մաս-մաս: 20 հազար դոլար ստանալուց հետո տուժողին ազատ են արձակել՝ պայմանով, որ մնացած գումարը պետք է վճարեն տուժողին ազատ արձակելուց հետո: Տուժողի հարազատները ևս 20 հազար դոլար են փոխանցել հանցագործների նշած դրամապանակին»,- նշում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյանը։
Օգոստոսի 2-ին Երևանի Գյուլբենկյան փողոցից շորթողները վերցրել են մտերիմներից մեկի «Հունդաի Սոնատան» և դրանով ուղևորվել Ծաթեր գյուղ: Ճանապարհին կարճ կանգառ են արել խանութի մոտ: Հասնելով Ծաթերի հյուրատուն` պատանդին այդ նույն մեքենայով տեղափոխել են Տավուշի մարզի Հովք գյուղի մոտակա տարածք և բաց թողել: Դարձյալ համացանցով հարազատներին հայտնել են 83-ամյա տղամարդուն բաց թողնելու տեղը, որտեղ էլ հարազատները գտել են նրան: Օգոստոսի 11-ին` ժամը 16-ի սահմաններում, ոստիկանները շորթողներին կանգնեցրել են, ձերբակալել և ներկայացրել նախաքննական մարմնին:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ են ձեռնարկվում հանցագործության բոլոր հանգամանքները, հանցավոր խմբի մյուս անդամների գործողությունները պարզելու, տուժողի հարազատներին պատճառված վնասը փոխհատուցելու համար: