ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 6,8 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնվեցին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը: Նման որոշում կայացվեց կառավարության այսօր նիստի ժամանակ։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը հայտնեց` ՀՀ–ն որպես նվիրատվություն փակ սեփականության իրավունքով ԱՄՓ հոլդինգից ստացել է ԶՊՄԿ-ին պատկանող 188 947 հատ հասարակ բաժնետոմս։
«Դրանք կազմում են կոմբինատի բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,8 տոկոսը։ Դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին: Առաջարկվում է հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի հիման վրա բաժնետոմսերը հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին»՝ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը»,–ասաց Բադալյանը։
Նրա խոսքով` ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100% պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտնեց, որ 2021-ի սեպտեմբերին 30-ին ՀՀ կառավարությունը կոմբինատից որպես նվիրատվություն 15 տոկոս բաժնետոմս ստացավ։ Բացի այդ, 2022-ի մարտի 24-ին 6.8 տոկոս էլ են ստացել, որը կոմբինատի խնդրանքով գաղտնի որոշմամբ են ընդունել։
Հիմա դա գաղտնի պահելու անհրաժեշտություն չկա, դրա համար էլ, ըստ Փաշինյանի, այդ ակցիաները փոխանցվում են ԱՆԻՖ-ին ։ Այսպիսով, պետությունն այժմ ունի ԶՊՄԿ-ի մեկ հինգերորդը։
«Ստացվում է, որ ՀՀ կառավարությունը 21.8 տոկոս բաժնեմաս ունի, ինչը շատ կարևոր իրադարձություն է։ Նման նախընտրական խոստմամբ ես հանդես եմ եկել, և ուրախ եմ արձանագրել, որ այս մի նախընտրական խոստումը նույնպես ի կատար է ածված»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ամեն ինչ արել են, որ ընկերությունը հնարավորինս թափանցիկ լինի։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 5-ի կառավարության նիստում կրկին որոշում էր կայացվել ԱՆԻՖ-ի կառավարմանը հանձնել կոմբինատի` կառավարությանն այդ ժամանակ որպես նվիրատվություն տված բաժնետոմսերը։