Հայաստանում եռամսյա վարժական հավաքներ կանցկացվեն, կներգրավվեն նաև ԱԹՍ-ների մասնագետները

Պահեստազորայիններ
Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 318 քաղաքացու, որոնցից 210-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. 2022թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում զինված ուժերի պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած առաջարկն այսօր հաստատվեց կառավարության նիստում։
Պաշտպանական գերատեսչության հիմնավորմամբ` վարժական հավաքների անցկացումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման անհրաժեշտությամբ:
Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 318 քաղաքացու, որոնցից 210-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Վարժական հավաքներին ներգրավվելու է մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 79 պահեստազորային, որոնցից 9-ը` սեպտեմբերի 22-28-ը, 18-ը` հոկտեմբերի 1-7-ը, 34-ը` նոյեմբերի 8-17-ը, 18-ը` նոյեմբերի 15 - 24-ը։
Հակաօդային պաշտպանության մասնագիտություններով նախատեսվում է ներգրավել 16 պահեստազորայինի` նոյեմբերի 14-23-ը, կապի մասնագիտություններով մինչև 71 պահեստազորայինի, որոնցից 66-ը` հոկտեմբերի 3-12-ը, 5-ը` հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 9-ը։
Հետախուզական մասնագիտություններով պահեստազորայիններից հավաքներին կներգրավվեն 26-ը` սեպտեմբերի 19-28-ը ներառյալ, անօդաչու թռչող սարքերի մասնագիտություններով մինչև 40 պահեստազորային` սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը, ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 17 պահեստազորային` հոկտեմբերի 17-26-ը, տեխնիկական մասնագիտություններով մինչև 11 պահեստազորային` նոյեմբերի 14-23-ը, թիկունքային մասնագիտություններով մինչև 44 պահեստազորային` հոկտեմբերի 1-7-ը և տեղագրական մասնագիտություններով մինչև 14 պահեստազորային` նոյեմբերի 21-30-ը ներառյալ:
«Կբռնե՞ն, թող բռնեն». Boeing–ի փորձով հայ ինժեներները պարզ և թեթև ԱԹՍ–ներ են ստեղծել