Երևանում երիտասարդը նռնակով մտել է վարկային կազմակերպություն և գումար պահանջել

Վարկային կազմակերպություն ներխուժած քաղաքացուն ձերբակալել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 24-ին, ժամը 05:10-ի սահմաններում Երևան քաղաքի 26-ամյա բնակիչն իր մոտ ապօրինի պահվող մարտական նռնակով մուտք է գործել Երևանի Բագրատունյաց փողոցում գործող վարկային կազմակերպություն և, աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նռնակի բացահայտ ցուցադրմամբ, պահանջել է գումար, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Մերժում ստանալով՝ 26-ամյա երիտասարդը դիմել է փախուստի՝ չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել:
Փախուստի դիմելու ընթացքում վերջինս նկատվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և իրականացված միջոցառումների արդյունքում վնասազերծվել: 26-ամյա երիտասարդը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական վարույթի շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել է մարտական նռնակը, հարցաքննվել են կազմակերպության մի շարք աշխատակիցներ, որոշում է կայացվել տեսագրություններն առգրավելու մասին, նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: