«Խնդրել եմ, որ աշխատասենյակից հավաքի բոլոր իրերը». Ղազարյանը գնաց Փաշինյանի հետ հանդիպելու

Էդգար Ղազարյանը Հանրապետության հրապարակում հավաքվածներին հորդորեց սպասել իրեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Հանրապետության հրապարակից գնաց կառավարության շենք` հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ղազարյանն այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ նման հայտարարություն արեց։

«Ես գնում եմ կառավարության շենք, բայց պետք չէ, որ որևէ մեկն ինձ ուղեկցի, քանի որ մենք կառավարության շենքը շրջափակելու նպատակ չունենք։ Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպեմ բացառապես լրագրողների ներկայությամբ։ Կգնամ և նրան կներկայացնեմ իր հեռացման 3 տարբերակներից մեկը` հրաժարականի պահանջը։ Ես նրան նախապես խնդրել եմ, որ աշխատասենյակից հավաքի բոլոր իրերը, իսկ սեղանին թողնի գրիչ և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանից նվեր վերցրած գրիչը»,– ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով` եթե Փաշինյանը հրաժարականի դիմումը ստորագրի, ապա կխնդրի բնօրինակն ուղարկել նախագահին, իսկ պատճենը կվերցնի իր հետ, որպեսզի ցույց տա հրապարակում հավաքվածներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Անկախության շարժում» նախաձեռնությունը Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀ պետական օրհներգով սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը։
Նախաձեռնության հեղինակը ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն է։
Նա օրեր առաջ ասել էր, որ հանրահավաքների միջոցով մտադիր են մինչև սեպտեմբերի 21-ը` ՀՀ անկախության օրը, հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։
Ով չունի, նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի. Փաշինյանն ուղերձ է հղել