Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի պաշտպանական ընկերությունների դեմ. Թրյուդո

Պատժամիջոցների ցանկում ներառված են 62 ֆիզիկական անձ և մեկ ձեռնարկություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ ելույթ ունենալով «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովում, որը կազմակերպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այսօր մենք հայտարարում ենք պաշտպանության ոլորտի 62 ֆիզիկական անձանց և մեկ ձեռնարկության դեմ նոր պատժամիջոցների մասին»,- ասել է Կանադայի վարչապետը։
Նա հավելել է, որ Կանադան լրացուցիչ օգնություն կտրամադրի նաև ուկրաինական պաշտպանական կազմակերպություններին՝ նվիրաբերելով անհրաժեշտ սարքավորումներ և տեխնիկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած մյուս պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 180-րդ օրը։