ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը մկանային վնասվածք է ստացել, բաց կթողնի թիմի առաջիկա 2 խաղերը, հայտնում է Tuttosport-ը։
Ըստ աղբյուրի՝ հայ ֆուտբոլիստը թեև մարզվել է խաղադաշտում, սակայն չի մասնակցի «Կրեմոնեզեի» և «Լացիոյի» դեմ խաղերին։
Նշվում է, որ «Ինտերի» ղեկավարությունը չի ցանկանում ռիսկի դիմել և ծրագրում է Մխիթարյանին պատրաստել միլանյան դերբիին։
Իտալական A Սերիայի 5-րդ տուրի «Միլան»-«Ինտեր» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին, Երևանի ժամանակով 20։00-ին։
Հիշեցնենք` հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ հայ ֆուտբոլիստն արդեն հանդես կգա միլանյան «Ինտեր» ակումբում։ 33-ամյա Մխիթարյանը «Ինտերին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով:
Անցած մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, Հայաստանի հավաքականի նախկին ավագը հաղթել է Կոնֆերենցիաների լիգայում։
Ընդհանուր առմամբ` Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 117 հանդիպում, որոնցում դարձել է 29 գոլի հեղինակ։