Դուբայից ժամանած քաղաքացու մոտ եղել է 40.900 դոլար չհայտարարագրված գումար և ադամանդե քարեր

ՊԵԿ-ը հայտնում է, որ իրավախախտման առարկա հանդիսացող ադամանդների ընդհանուր զանգվածը կազմում է ավելի քան 70 կարատ։
Sputnik
«Զվարթնոց» օդանավակայանում Դուբայ–Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Վ.Ո.–ի նկատմամբ մաքսային հսկողության գոտում իրականացվել է մաքսային հսկողություն, արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել է 40.900 ԱՄՆ դոլար չհայտարարագրված գումար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում ասված է, որ անձնական զննման արդյունքում հայտնաբերվել են չհայտարարագրված` տարբեր չափի և քաշի ադամանդե քարեր:
«Փաթեթավորումների և առկա սերտիֆիկատների վրա առկա տվյալների համաձայն` իրավախախտման առարկա հանդիսացող ադամանդների ընդհանուր զանգվածը կազմում է ավելի քան 70 կարատ։ Քաղաքացու մոտ չհայտարարագրված կանխիկ գումար հայտնաբերելու փաստով կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից նախապատրաստվել են նյութեր` ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որոնք տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը»,– նշվում է հաղորդագրությունում։
Մաքսային հսկողությունից թաքցված ադամանդե քարեր հայտնաբերելու փաստով մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները առանձնացրել են նյութեր՝ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը: