Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է լրագրող Դարյա Դուգինայի սպանության մեջ կասկածվող կինը։
Կադրերում երևում է, թե ինչպես է նա ժամանում Ռուսաստան, բնակարան վարձակալում այն տանը, որտեղ ապրում էր զոհը, հետո մեկնում Էստոնիա։
ԱԴԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ բացահայտել է Դուգինայի սպանությունը:
Պարզվել է, որ հանցագործությունը ծրագրել ու իրագործել են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Իրագործողը Ուկրաինայի քաղաքացի Նատալյա Վովկն է, որը ծնվել է 1979 թվականին։
Նա Ռուսաստան է ժամանել 2022-ի հուլիսի 23-ին իր դստեր` Սոֆյա Շաբանի հետ (ծնված 2010-ին): Դուգինայի սպանությունը կազմակերպելու և նրա կենսակերպի մասին տեղեկություններ ստանալու նպատակով նրանք բնակարան են վարձակալել մոսկովյան այն տանը, որտեղ ապրում էր Դարյան։
Սպանության օրը Վովկը և Շաբանը եղել են «Տրադիցիա» գրական-երաժշտական փառատոնում, որտեղ Դուգինան պատվավոր հյուր է եղել։ «Toyota Land Cruiser Prado» ավտոմեքենան պայթեցնելուց հետո Վովկը դստեր հետ Էստոնիա է մեկնել Պսկովի մարզով։
Հիշեցնենք` օգոստոսի 20-ի երեկոյան մերձմոսկովյան Օդինցովսկի շրջանում ընթացքի ժամանակ մեքենա է այրվել, որը, քննչական մարմինների տվյալներով, կառավարել է լրագրող և քաղաքագետ Դարյա Դուգինան։ Հայտնի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինի դուստրը մահացել է։ Նախնական վարկածի համաձայն` դեպքը տեղի է ունեցել մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի պատճառով։
Քրեական գործ է հարուցվել համընդհանուր վտանգ ներկայացնող ձևով կատարված սպանության հոդվածով։
Տեղի ունեցածի տարբեր վարկածներ են ուսումնասիրվում։ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինն ավելի վաղ հայտարարել է` կարծում է, որ միջադեպի հետ առնչություն ունեն ուկրաինական ռեժիմի ահաբեկիչները, իսկ թիրախը կարող էր լինել աղջկա հայրը։ Հավելենք, որ Դարյան եղել է հորը պատկանող մեքենայի ղեկին։ Այդ նույն ժամանակ Միխայիլ Դուգինը գտնվել է մեկ այլ մեքենայում։