Քաջարանի օրվա կապակցությամբ քաղաքում «Ռուսական կենտրոն» է բացվել

Քաջարանում «Ռուսական կենտրոնի» բացումը
Սա 7-րդ «Ռուսական կենտրոնն» է։ Նման կենտրոններ արդեն գործում են Երևանում, Վանաձորում, Արմավիրում, Իջևանում, Մալիշկա և Վարդաձոր համայնքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Քաջարան քաղաքի 64-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ բացվել է ՀՀ-ում 7-րդ «Ռուսական կենտրոնը», հայտնում են «Դոմ Մոսկվիի» լրատվական ծառայությունից։
Կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպելու ինտերակտիվ դասեր և քննարկումներ։
Քաջարանում «Ռուսական կենտրոնի» բացումը
««Ռուսական կենտրոնի» բացումը Քաջարանում փաստում է, որ նման բարդ աշխարհաքաղաքական ժամանակահատվածում մեր ժողովուրդները գործակցում են հումանիտար-կրթական բնագավառում։ Ճանաչելով լեզուն և մշակույթը` մենք ավելի լավ ենք ճանաչում միմյանց»,- բացման ժամանակ ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնևը։
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի խոսքով` կենտրոնի գործունեությունը պետք է ուղղվի երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։

«Այսուհետև մեր երեխաներն ավելի խորը կուսումնասիրեն ռուսական մշակույթը, լեզուն, այս կրթական կենտրոնը յուրօրինակ հարթակ է, որը կստեղծի կրթական ժամանց և է՛լ ավելի կամրապնդի մեր եղբայրական ժողովուրդների հարաբերությունները»,- ասել է Փարամազյանը։

Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Յուրի Դեդովը ևս վստահ է, որ կենտրոնը կնպաստի ռուսաց լեզվի զարգացմանը, հայ ևռուս ժողովուրդների բարեկամության դարավոր ավանդույթների պահպանմանը:
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ և Քաջարանի քաղաքապետարանի օժանդակությամբ բացված նորաբաց կենտրոնում կանցկացվեն ռուսերենի անվճար դասընթացներ, որոնցում երեխաները կսովորեն ռուսերեն, կծանոթանան ռուսական մշակույթին ու պատմությանը։
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, շնորհավորելով Քաջարանին 64-ամյակի կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ այս քաղաքը մեր երկրին ու աշխարհին շատ տաղանդավոր մարդիկ է պարգևելու։
Քաջարանում «Ռուսական կենտրոնի» բացումը
«Այս տոնական օրը ռուսական կենտրոնը քաջարանցիների համար դարձավ յուրօրինակ նվեր։ Մենք գիտակցում ենք Հայաստանի մարզերում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացման կարևորությունը և վստահ ենք, որ կենտրոնը կնպաստի այդ աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը»,- ասաց Կարապետյանը։
Հատկանշական է` երբ հայտարարվեց անվճար դասընթացների մասին, 3 օրում միայն Քաջարանում գրանցվեցին 50-ից ավելի փոքրիկներ, իսկ Կապանում՝ եռակի ավելի։
Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով հնարավոր է ճշգրիտ և բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում։
Հիշեցնենք, որ սա Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացված 7-րդ «Ռուսական կենտրոնն» է։ Նման կենտրոններ արդեն գործում են Երևանում, Վանաձորում, Արմավիրում, Իջևանում, Մալիշկա և Վարդաձոր համայնքներում։Ռուսերենի անվճար դասընթացներ են իրականացվում Հայաստանի 37 քաղաքներում։