ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին
© Photo : Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RA
Հանդիպմանը մասնակցել է դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:
Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։
Հանդիպմանը քննարկվել են ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
Հիշեցնենք` Էդվարդ Ասրյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետ է նշանակվել հուլիսի 14-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի-ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը (նշանակվել էր 2021թ. մայիսի 21-ին)։
Հիշեցնենք, որ 2022թ-ի փետրվարի 24-ից ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը թափուր էր։ Այդ օրը Արտակ Դավթյանը երկրորդ անգամ ազատվեց ԳՇ պետի պաշտոնից։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։ Իսկ մինչ այդ Դավթյանը ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել էր նաև 2018-ի մայիսից մինչև 2020-ի հունիսն ընկած ժամանակահատվածում։
Փետրվարի 28-ից ԳՇ պետի պարտականությունները կատարում էր ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը։