«Կանեփ–կակաչ-2022» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում նախորդ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և ոչնչացվել է մոտ 14 225 կգ կանեփի և 18 կգ կակաչի վայրաճ զանգված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Միջոցառումն իրականացվել է օգոստոսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում։ Տնամերձ 50 հողամասից հայտնաբերվել է կանեփի 1727 բույս:
«Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 3945 գրամ մարիխուանա, 6,22 գրամ մեթամֆետամին, 0,42 գրամ ալֆա PVP, 273 գրամ կանեփի և 0,69 գրամ սուբուտեքս տեսակի թմրամիջոցներ»,– ասված է հաղորդագրությունում:
Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:
Նշենք, որ «Կանեփ-կակաչ-2022» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման նպատակն է հանրապետության տարածքում արգելված թմրամիջոցներ պարունակող, ինչպես նաև վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը: