ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն այսօր շրջայց է կատարել Երևանի մետրոպոլիտենի կայարաններում։ Տեղեկությունը հրապարակվել է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում։
Ըստ հաղորդագրության` շրջայցի ընթացքում Սեդրակյանը ծանոթացել է խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ:
Նոր ղեկավարն ընդգծել է, որ նմանատիպ շրջայցերը պարբերական են լինելու, որոնց ընթացքում բացահայտված խնդիրները դասակարգվելու են, և ըստ առաջնահերթության դրանց տրվելու են շուտափույթ լուծումներ։
Հիշեցնենք` օգոստոսի 19-ին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ` մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ–ի պաշտոնում Սահակ Վարդանյանին փոխարինեց ՀՀ-ում Ղրղըզստանի նախկին պատվավոր հյուպատոս, «Պատվավոր հյուպատոսների միություն» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Սեդրակյանը։ Նա բարձրաստիճան ոստիկան է, գնդապետ: