ԵՄ–ն լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո գործընթացի առաջմղմանը. Վիկտորին

Հայաստանում ԵՄ դեսպանը նշել է, որ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը ԼՂ կարգավորման հետ կապված հարցերում մրցակցություն չէ Մինսկի խմբի հետ, այլ փոխլրացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ԵՄ–ն լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո գործընթացի առաջմղմանը: «Արմենպրեսի» հետ հարցազրույցում այս մասին հայտնել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը։
Նշենք, որ Վիկտորինից հետաքրքրվել են, թե ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի տրամաբանության մե՞ջ է, թե՞ ինչ-որ առումով առանձին կամ զուգահեռ նախաձեռնություն է:
«ԵՄ-ն այժմ ավելի ակտիվ դիրք է ստանձնել և տեսանելի դեր է խաղում հնարավոր ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս նախագահ Միշելի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կանոնավոր խորհրդակցությունների և այցերի միջոցով: Մենք մշտական կապի մեջ ենք, Միշելն անձամբ է ներգրավված: Այս ջանքերը ոչ մի կերպ մրցակցության նպատակ չունեն կամ ուղղված չեն այլ դերակատարների դեմ. պետք է ընդգծեմ սա, քանի որ շատ են շահարկումներն այս հարցի շուրջ: Մենք պետք է խոսենք փոխլրացման, ոչ թե մրցակցության մասին»,–ասել է ԵԽ դեսպանը։
Նրա խոսքով` երեք եռակողմ հանդիպումները՝ 2021 թ. դեկտեմբերին, 2022 թ. ապրիլին և մայիսին Բրյուսելում, նպատակ ունեին աջակցելու խնդրի կայուն հանգուցալուծմանը: Նա հիշեցրել է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նախաձեռնել է բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջև:
Վիկտորինը նշել է, որ Եվրամիությունն իսկապես հանձնառու է շարունակելու ջանքերն այդ ձևաչափերում:

«Բնականաբար, մենք լսում ենք երկու երկրների ցանկությունները: Բայց կրկնում եմ՝ սա մրցակցություն չէ, սա փոխլրացում է այլ ջանքերի միջոցով: Մենք ողջունում ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ուղիղ շփումը, որ տեղի ունեցավ հուլիսի 16-ին Թբիլիսիում: ԵՄ-ն ողջունում է ուղիղ կապը, որ հաստատվել է երկու արտգործնախարարների միջև: Կարծում եմ՝ բոլոր այս տարրերը միավորվում են, և ջանքեր են գործադրվում երկու երկրների միջև կայուն լուծում գտնելու նպատակով»,–ասել է ԵՄ դեսպանը։

Նրանից հետաքրքրվել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանի բացման իրական հնարավորությունների շուրջ ԵՄ դիրքորոշումը։ Ի պատասխան Վիկտորինը նշել է, որ ԵՄ–ն միշտ ակտիվորեն աջակցում է հարաբերությունների նորմալացման գործընթացներին:
ՀՀ–ԵՄ համագործակցություն. ի՞նչ են քննարկել Գրիգորյանն ու Վիկտորինը
Նրա խոսքով` ԵՄ–ն տարիներ շարունակ ակտիվ է եղել և աջակցել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Ուստի, ըստ նրա, ԵՄ–ն ուզում է առաջընթաց տեսնել, քանի որ դա շահավետ է ժողովուրդների համար և նոր հնարավորություններ կբացի: