Չեն թողնում մտնենք «Փեթակ». առևտրի կենտրոնի տնտեսվարողները բողոքի ակցիա են անում

«Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում
Ոստիկանության, քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները փորձում են ելք գտնել տնտեսվարողների՝ բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով հստակ օր հայտարարել, թե իրենք երբ կարող են վերադառնալ աշխատանքի։
Բանն այն է, որ օգոստոսի 14-ին «Փեթակի» հարևանությամբ գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն։ Դրանից հետո ԱԻՆ ծառայողներն, ավելի քան մեկ շաբաթ է՝ իրականացնում են որոնողափրկարարական, մաքրման և ինժեներական աշխատանքներ, և հարակից փողոցը ներկա պահին փակ է անցուդարձի համար։
«Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում
«Մենք ցանկանում ենք, որպեսզի դեպի «Փեթակ» տանող ճանապարհներից մեկը բացվի, և մենք կարողանանք մուտք գործել։ Սևանի փողոցով էլ ճանապարհը դուրս է գալիս, կարող են մարդիկ այդ կողմով գալ-գնալ։ Մենք հանդիպել ենք ԱԻՆ փոխնախարարի հետ` Ստեփանյանի (Հայկ Ստեփանյան)։ Մեզ ասացին, որ այժմ քննիչն էլ է աշխատում, ինքն էլ սպասում է իր վերադասի պատասխանին, որպեսզի ճանապարհը բացեն»,- լրագրողների հետ զրույցում նշեց անհատ ձեռներեց Սարգիս Ղազարյանը։
Նրա խոսքով` իրենք այսօր կսպասեն, մինչև տեսնեն, թե ինչ պատասխան կամ առաջարկ են անելու։ «Փեթակի» աշխատողներն ընդգծեցին, որ իրենք վարկեր ու հարկեր պետք է մուծեն ու 1 շաբաթից ավելի չեն աշխատել, հետևաբար խնդիրների առջև են կանգնում։
«Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում
ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են, որպեսզի կարողանան ելք գտնել տնտեսվարողների՝ բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, անհետ կորած համարվող երկու քաղաքացի կա` 1959 թ. ծնված Գագիկ Կառլենի Կարապետյանը և 1967 թ. ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։
Աղետի վայրում հայտնաբերված 16 զոհերից 1-ի դին մինչ այս պահը նույնականացված չէ։ Ենթադրվում է, որ նա կարող է լինել անհետ կորածներից մեկը։
«Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում