ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Բորժոմի վարչական շրջանի Քվաբիսխևի գյուղում (Սամցխե-Ջավախք) անտառային զանգվածում կրակի մեկուսացման գործընթացին մասնակցում է 250 հրշեջ-փրկարար: Ինչպես հաղորդում է Sputnik Գրուզիան, այս մասին հայտարարել է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարական ուժերի դեպարտամենտի պետ Դավիթ Սուխիշվիլին։
Հրդեհը բռնկվել է Քուռ գետի աջ ափին գտնվող Քվաբիսխևի գյուղի անտառում: Նախնական տեղեկություններով՝ կրակը տարածվել է մոտ 3 հեկտար տարածքում։
Բորժոմում անտառներ են այրվում
© Photo : Ministry of Internal Affairs of Georgia
«Մոբիլիզացվել է սահմանապահ ոստիկանության երեք ուղղաթիռ, որոնք կվերսկսեն կրակը մարելու աշխատանքները, երբ քամին հանդարտվի։ Հրշեջների թիվը նույնպես ավելացվել է` հասնելով 250-ի։ Մենք տեղում ունենք համապատասխան սարքավորումներ և աշխատում ենք հրդեհը մարելու ուղղությամբ»,-ասել է Սուխիշվիլին։
Նրա խոսքով՝ կլիմայական ծանր պայմանները բարդացնում են հրդեհաշիջման աշխատանքները։ Բացի այդ, քարքարոտ և դժվարամատչելի տեղանքը նույնպես բարդացնում է հրդեհի մարումը։
Հաշվի առնելով կրակի տարածման վտանգը՝ որոշում է կայացվել Թբիլիսիից լրացուցիչ բրիգադներ ուղարկել, ներգրավվել են նաև զինծառայողներ:
Հրշեջները ջրի պոմպեր են տեղադրել Մտկվարի գետի վրա և մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա ջրային մայրուղիներ են բացել, ինչը զգալիորեն արագացրել է հրդեհի տեղայնացումը:
Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ։