ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. 38-ամյա մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում չեմպիոն է հռչակվել նժույգաթափ վարժությունում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան` ներկայացնելով նաև հայ մարզիկի փայլուն ելույթը։
Մերդինյանը 14,733 միավոր է վաստակել։
Նշենք՝ Հարություն Մերդինյանը երկրորդ անգամ է հռչակվում Եվրոպայի չեմպիոն։ Առաջին անգամ նա Եվրոպայի առաջնությունում հաղթող էր ճանաչվել 2016-ին` նժույգի վրա վարժությունում։
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Էրիկ Բաղդասարյանը Մյունխեն քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Բաղդասարյանը ոսկե մեդալ է նվաճել զուգափայտում։
Եվս մեկ մարզիկ` Համլետ Մանուկյանը, Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 2 արծաթե մեդալ էր նվաճել նժույգթափերում և օղակների վրա վարժությունում։
Հայ մարզիկներից Արթուր Դավթյանը 6-րդ տեղն է գրավել նժույգաթափ վարժությունում։