ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը երեք անընդմեջ պարտություններից հետո հաղթանակ է տարել Մայամիում ընթացող Meltwater Champions Chess Tour շարքի FTX Crypto Cup մրցաշարում:
6-րդ տուրում հայ գրոսմայստերը հաղթել է ամերիկացի Հանս Նիմանին (2,5:1,5): Արոնյանը պարտվել է առաջին պարտիայում, սակայն կարողացել է կամային հաղթանակ տանել երկրորդ պարտիայում և հաղթել չորրորդում: Վեց տուրից հետո նա 8 մասնակիցներից 5-րդն է։
Նշենք, որ նախորդ տուրերում նա երեք պարտություն էր կրել։
Meltwater Champions Chess Tour շարքի մրցաշարին մասնակցում է նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որն էլ առաջատարն է:
Հիշեցնենք, որ արագ շախմատի այս մրցաշարը բաղկացած է 7 տուրից, մրցանակային ֆոնդը կազմում է 210 հազար ԱՄՆ դոլար: