ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ուկրաինան առնչություն չունի Մերձմոսկվայում մեքենայի աղմկահարույց պայթեցման հետ, որում երեկ երեկոյան զոհվել է հասարակական գործիչ Դարյա Դուգինան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինան դրա հետ կապ չունի»,–միասնական ուկրաինական հեռուստամարաթոնի եթերում այսօր հայտարարել է Միխայիլ Պոդոլյակը։
Հիշեցնենք` Մերձմոսկվայի Օդինցովսկի շրջանում Մոժայսկոյե մայրուղու վրա երեկ երեկոյան ընթացքի ժամանակ մեքենա է այրվել, որը, քննչական մարմինների տվյալներով, կառավարել է լրագրող և քաղաքագետ Դարյա Դուգինան։ Հայտնի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինի դուստրը մահացել է։ Նախնական վարկածի համաձայն` դեպքը տեղի է ունեցել մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի պատճառով։
Քրեական գործ է հարուցվել համընդհանուր վտանգ ներկայացնող ձևով կատարված սպանության հոդվածով։
Տեղի ունեցածի տարբեր վարկածներ են ուսումնասիրվում։ ԴԺՀ–ի ղեկավար Դենիս Պուշիլինն ավելի վաղ հայտարարել էր` կարծում է, որ միջադեպի հետ առնչություն ունեն «ուկրաինական ռեժիմի ահաբեկիչները», իսկ թիրախը կարող էր լինել աղջկա հայրը։ Հավելենք, որ Դարյան եղել է հորը պատկանող մեքենայի ղեկին։ Նույն այդ ժամանակ Միխայիլ Դուդինը գտնվել է մեկ այլ մեքենայում։