ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Քննությունը կարծում է, որ հանցագործությունը, որի ժամանակ զոհվել է Դարյա Դուգինան, պատվիրված է եղել և նախապես ծրագրված։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՔԿ կայքից։
«Արդեն իսկ ստացված տվյալները հաշվի առնելով` քննությունը ենթադրում է, որ հանցագործությունը նախօրոք է ծրագրած եղել և պատվիրված է»,– գրված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այժմ ՌԴ ՔԿ քրեագիտության գլխավոր վարչության մասնագետների մասնակցությամբ քննիչները շարունակում են դեպքի վայրի զննությունը, այդ թվում` պայթուցիկների գծով մասնագետներն ուսումնասիրել են այրված մեքենան, որը հետագայում տարհանել են հատուկ պահպանվող տարածք։
Մերձմոսկվայի Օդինցովսկի շրջանում Մոժայսկոյե մայրուղու վրա երեկ երեկոյան ընթացքի ժամանակ մեքենա է այրվել, որը, քննչական մարմինների տվյալներով, կառավարել է լրագրող և քաղաքագետ Դարյա Դուգինան։ Հայտնի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինի դուստրը մահացել է։ Նախնական վարկածի համաձայն` դեպքը տեղի է ունեցել մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի պատճառով։
Քրեական գործ է հարուցվել համընդհանուր վտանգ ներկայացնող ձևով կատարված սպանության հոդվածով։
Տեղի ունեցածի տարբեր վարկածներ են ուսումնասիրվում։ ԴԺՀ–ի ղեկավար Դենիս Պուշիլինն ավելի վաղ հայտարարել էր` կարծում է, որ միջադեպի հետ առնչություն ունեն «ուկրաինական ռեժիմի ահաբեկիչները», իսկ թիրախը կարող էր լինել աղջկա հայրը։