Մասիսի քաղաքապետարան մտած տղամարդն ինքնասպան է եղել. ոստիկանությունը հայտնել է նրա անունը

Ոստիկանությունը հաստատում է, որ Մասիսի քաղաքապետարանի շենք է մտել քաղաքի ավագանու նախկին անդամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ոստիկանությունը բացահայտել է Մասիսի քաղաքապետարանի շենք մտած անձի ինքնությունը` նա 36-ամյա Էդվարդ Մարգարյանն է։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության ֆեյսբուքյան էջից։
Հայտնել էինք, որ մի քաղաքացի, նռնակով և ատրճանակով զինված, օգոստոսի 19–ի ժամը 21։10-ի սահմանում մտել է Մասիսի քաղաքապետարանի շենք, որից հետո պայթյուն է տեղի ունեցել։
«Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս։ Նրանք հայտնաբերել են Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել»,–հայտնում են ոստիկանությունից:
Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան: Ոստիկանությունը խոստանում է դեպքին առավել մանրամասն անդրադառնալ առաջիկայում:
Մասիսի քաղաքապետարան մտած քաղաքացուն ոստիկանները մահացած են գտել