Երևան-Մեղրի ճանապարհը դեռ մասնակի արգելափակված է. վարորդները պահանջներ են ներկայացնում

Ճանապարհը փակած բեռնատարներ
Մայրուղին փակած վարորդները թույլ են տալիս, որ միայն մարդատար մեքենաներն անցնեն։ Թե ինչպես կլուծվի խնդիրը, առայժմ պարզ չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Բեռնատարների վարորդները շարունակում են փակ պահել Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը։
Վարորդները պահանջում են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 26 տոննայից դարձնել 28 տոննա և չեղարկել անիվային սռնիներով կշռումը։
Վարորդներից մեկը Sputnik Արմենիային ասաց, որ նախարարության պատասխան առաջարկները հեռու են իրականությունից, իրենք չեն կարող այդ պայմաններով աշխատել։

«Մենք նախարարությունում քննարկել էինք պայմանները։ Պայմանավորվածություն կար, որ ինչ-որ գործընթաց է սկսվելու։ Բայց առավոտյան ասացին, որ շարունակելու են գործող օրենսդրությամբ։ Սա ճիշտ չէ»,- ասաց վարորդը։

Ճանապարհը փակած վարորդները միայն մարդատար մեքենաներին են ճանապարհ տալիս։ Նրանք մարզպետի հետ հանդիպում և խնդրի լուծում են պահանջում։
Սյունիքի մարզպետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը պետք է Կապան մեկնի, որտեղ նշում են քաղաքի օրը։ Դեռ պարզ չէ` կհանդիպի՞ վարորդների հետ, թե ոչ։
Հիշեցնենք` օգոստոսի 15-ին նույնպես վարորդները փակել էին ճանապարհը։ ՏԿԵ մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը Sputnik Արմենիային հայտնել էր` նախարար Գնել Սանոսյանը բանակցել է Սիսիանի շրջանում Հայաստան-Իրան ճանապարհը փակած վարորդների հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այնտեղ կանգնած մեքենաները կկշռվեն, և որոնք նորմայի սահմաններում են, կանցնեն, որպեսզի խցանումը բացվի։