Զապորոժիեի ԱԷԿ-ի պաշտպանության համակարգն ուժեղացվել է. Ռոգով

Զապորոժիեի ատոմակայան
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչն ավելի վաղ զգուշացրել էր, որ Կիևի ռեժիմը Զապորոժիեի ԱԷԿ-ում սադրանք է պատրաստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի պաշտպանության համակարգն ուժեղացվել է ուկրաինական բանակի կողմից օբյեկտին հարվածելու հնարավոր փորձի պատճառով: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ Կիևի ռեժիմը Զապորոժիեի ԱԷԿ-ում սադրանք է պատրաստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ, նախատեսվում է Ռուսաստանին մեղադրել տեխնածին աղետի մեջ:

«Ատոմակայանի պաշտպանության համակարգն ուժեղացված է, մանրամասները բացահայտել չեմ կարող։ Մենք այս օրը լիակատար սպառազինությամբ ենք դիմավորում, քանի որ Զելենսկու ռեժիմից ինչ ասես կարելի է սպասել», - ասել է Ռոգովը։

Օգոստոսի 18-ին Լվովում կայացել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի եռակողմ բանակցությունները: Քննարկված թեմաների թվում են Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակը և «պարենային գործարքը»։
Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել Էներգոդարը, շրջակա գյուղերն ու Զապորոժիեի ԱԷԿ-ին հարակից տարածքը։ Երեկ նրանք ատոմակայանի ուղղությամբ առնվազն 6 արկ են արձակել, բայց կայանը չի տուժել։ Զանգվածային գնդակոծության է ենթարկվել նաև Էներգոդարը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։
Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական զորքերը մի քանի անգամ փորձել են հարձակվել ատոմակայանի տարածքի վրա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 176-րդ օրը։
ԴԺՀ-ում՝ Սվետլոդարսկի գնդակոծության վայրում, օտարերկրյա մակնշմամբ բեկորներ են հայտնաբերվել