Վարշավայի օդանավակայանում 81-ամյա դանիացի մաքսանենգ կինը փորձել է 5 կգ հերոին անցկացնել

Հերոին. Արխիվային լուսանկար
Վարշավայի միջազգային օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցների մոտ կասկած են հարուցել ուղևորության երթուղին և տիկնոջ նյարդային պահվածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Լեհաստանի ծառայություններին հաջողվել է կանխել ավելի քան 5 կգ հերոինի մաքսանենգությունը, որը Վարշավա էր բերել Դանիայի 81-ամյա բնակչուհին։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Լեհաստանի հարկային պետական վարչությանը:
Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան միջազգային օդանավակայանի մաքսային և հարկային ծառայությունների աշխատակիցների մոտ կասկած են հարուցել ուղևորության երթուղին և ճանապարհորդ տիկնոջ նյարդային վարքագիծը:
«Դանիայի 81-ամյա կին քաղաքացին Մալավիից Քենիայի և Դոհայի տարածքում տրանզիտով Կանադա էր ուղևորվում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Զննության ընթացքում աշխատակիցները ճամպրուկում կրկնակի հատակ են հայտնաբերել։ Ուղեբեռը քանդելով` նրանք թաքստոցից հանել են չորս փաթեթ կրեմագույն նյութ` բյուրեղանման բաղադրության։ Ստուգումից հետո պարզվել է, որ մաքսանենգ նյութը հերոին է։
Տարեց ճանապարհորդուհու տեղափոխած թմրանյութերի արժեքը սև շուկայում կազմում է գրեթե 2,4 միլիոն զլոտի (ավելի քան 500 հազար դոլար):
Մաքսանենգ կինը ձերբակալվել է մաքսային-հարկային ծառայության աշխատակիցների կողմից և հանձնվել ոստիկանությանը: Նման քանակությամբ հերոինի տեղափոխման փորձի համար 81-ամյա կնոջը 3-15 տարվա ազատազրկում է սպառնում։