Տղամարդը ներկայացել է որպես լրագրող և զինվորին օգնելու պատրվակով 11 մլն դրամ է հափշտակել

ՀՀ քննչական կոմիտե
32-ամյա տղամարդը հեռախոսով կապ է հաստատել մի շարք քաղաքացիների հետ և գումարներ խնդրել իբրև թե զինվորի օգնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. 32-ամյա տղամարդը ներկայացել է որպես լրագրող, տարբեր նախարարությունների աշխատակից և, զինվորներին օգնություն տրամադրելու անվան տակ, քաղաքացիներից գումարներ է հափշտակել, հայտնում է Քննչական կոմիտեն։
Նշվում է, որ տղամարդը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ և նրանց օժանդակությամբ, 2020թ. օգոստոսի 1-ից մինչև 2021թ. սեպտեմբերի 4-ը հեռախոսով զրուցել է մի խումբ քաղաքացիների հետ և ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով փող ուզել։ Այդկերպ տղամարդը տարբեր անձանցից հափշտակել է 11 միլիոն դրամ գումար: Նշված գումարը փոխանցվել է այլ անձանց անվամբ բացված հաշվեհամարներին՝ դրանց ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով:
32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացումը)։ Նա կալանավորվել է։