Քննարկվում է «Սուրմալուի» պայթյունից տուժածներին ու զոհերի հարազատներին աջակցելու հարցը

«Սուրմալուի» պայթյունի վայրը
Հնարավոր ծրագրերը, աջակցության ձևն ու չափը, շահառուների շրջանակը դեռ հստակեցվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քննարկում են «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մահացածների ընտանիքներին ու տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու հարցը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը:
«Նախարարությունում այս պահին քննարկվում է «Սուրմալուի» պայթյունից զոհված քաղաքացիների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած անձանց համար պետական աջակցության ծրագիր իրականացնելու հարցը»,– ասաց նա։
Հնարավոր ծրագրերը, աջակցության ձևն ու չափը, շահառուների շրջանակը դեռ հստակեցվում են։ Նախարարությունը խոստանում է այդ և այլ հարցերի վերաբերյալ հետագայում լրացուցիչ տեղեկություն հայտնել, երբ պատկերն առավել հստակ կլինի։
Ինչ վերաբերում է «Սուրմալուի» տարածքում գործող ու պայթյունից տուժած տնտեսվարողներին հնարավոր աջակցություն տրամադրելուն, Մանուչարյանը տեղեկացրեց, որ այդ հարցը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լիազորությունների շրջանակից դուրս է, դրանով զբաղվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Մենակ մնացի...». Եղվարդում հրաժեշտ տվեցին Խաչատրյան քույրերին և փոքրիկ Մարատին
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, անհետ կորած համարվող երկու քաղաքացի կա` 1959 թ. ծնված Գագիկ Կառլենի Կարապետյանը և 1967 թ. ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։
Աղետի վայրում հայտնաբերված 16 զոհերից 1-ի դին մինչ այս պահը նույնականացված չէ։ Ենթադրվում է, որ նա կարող է լինել անհետ կորածներից մեկը։ Երկրորդին փրկարարները դեռ փնտրում են։
ԱԻ նախարարը հանդիպել է «Սուրմալուի» պայթյունից հետո անհետ կորած համարվողի հարազատներին