ՔԿ–ն ներկայացրել է Էջմիածնում տեղի ունեցած սպանության մանրամասները

Իրավապահները աշխատում են դեպքի վայրում
Դեպքի վայր մեկնած իրավապահները Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցում հայտնաբերել են մահացած երիտասարդին պատկանող ավտոմեքենան՝ բախված ճամփեզրին կայանված ավտոմեքենաներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 18-ի ուշ երեկոյան Էջմիածին քաղաքում հնչած կրակոցների փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քննչական մարմինը նաև հայտնում է, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 23:25-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա երկու երիտասարդ` հրազենային վնասվածքներով, որոնցից մեկը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Դեպքի վայր մեկնած իրավապահները Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցում հայտնաբերել են մահացած երիտասարդին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան՝ բախված ճամփեզրին կայանված ավտոմեքենաներին:
«Mercedes» մակնիշի ավտոմեքենան՝ բախված ճամփեզրին կայանված ավտոմեքենաներին
Մեքենայի վրա եղել են 10-ից ավելի հրազենային վնասվածքներ, իսկ մեքենայի մեջ` արնանման հետքեր։
Մեքենայի վրա եղել են 10-ից ավելի հրազենային վնասվածքներ
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Mercedes»–ի վրա կրակել են Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում:
Նախաքննությունը շարունակվում է: Նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են նմուշառումներ:
Այլ մանրամասներ, այդ թվում` տուժողների ու հնարավոր կասկածյալների մասին ՔԿ–ն չի հայտնում։
Նշվում է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հրազեն պահելը)։
Հիշեցնենք` Էջմիածնում տեղի ունեցած հանցագործության մասին օգոստոսի 18-ի երեկոյան հայտնել էր shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով` սպանվածի հայրը ոստիկանության նախկին աշխատակից է: