ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Կառավարության ղեկավարը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել մաքսակետի գործունեությանը, սահմանահատման գործընթացի կազմակերպմանը, մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:
Նիկոլ Փաշինյանը Բագրատաշենի մաքսակետում
Վարչապետին են ներկայացվել մաքսակետի վերակառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, գործունեության կազմակերպման նոր մոդելը, առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված բարեփոխումներն ու քայլերը:
Նիկոլ Փաշինյանը Բագրատաշենի մաքսակետում
Փաշինյանը կարևորել է սահմանային անցակետերի արդիականացման, մատուցվող ծառայությունների շարունակական բարելավման, մաքսային գործառույթների արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը` շեշտելով աշխատանքների որակյալ իրականացման անհրաժեշտությունը:
Նշենք, որ հայ-վրացական սահմանին` Բագրատաշենի հատվածում, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:
Հանդիպումը կայացել է հայ-վրացական «Բարեկամություն» կամրջի գործարկման արարողության շրջանակում: