Կամուրջն ուժեղացնում է մեր երկրներին. «Բարեկամության» կամուրջը կկապի արևելքն արևմուտքին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Բարեկամություն» կամրջի բացմանը
Վրաստանի վարչապետը «Բարեկամության» կամրջի պաշտոնական բացման արարողությանը հայտարարել է, որ նոր կառուցված կամուրջը թույլ կտա կրկնապատկել սահմանային անցակետի հզորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. «Բարեկամություն» կամուրջը Հայաստանի և Վրաստանի համար ռազմավարական և տարածաշրջանում եզակի նշանակություն ունի: Այսօր հայ-վրացական սահմանին«Բարեկամության» կամրջի պաշտոնական բացման արարողությանը նման կարծիք հայտնեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վրաստանի վարչապետի համոզմամբ` «Բարեկամություն» կամուրջը էլ ավելի կամրապնդի երկու երկրների բարեկամությունն ու փոխգործակցությունը։

«Երկու երկրների տարածքում կառուցված, ժամանակակից չափանիշներին համապատասխանող կամուրջը՝ 160 մետր երկարությամբ, եզակի է տարածաշրջանում։ Այն կկրկնապատկի սահմանային անցակետի հզորությունը, կբարելավի տեղաշարժի որակը երկու երկրների քաղաքացիների, հյուրերի և տարանցիկ տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև կամրապնդի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները»,- ասաց Ղարիբաշվիլին

Վրաստանի վարչապետն իր ելույթում շեշտեց, որ «Բարեկամություն» կամուրջը ռազմավարական նշանակություն ունի` որպես արևելքը արևմուտքին կապող հանգույց։
«Մենք մեր բարեկամության նոր կամուրջն ենք կառուցել։ Կամուրջն ուժեղացնում է մեզ, մեր երկրներին, տարածաշրջանը»,- համոզմունք հայտնեց Ղարիբաշվիլին։
Բացման արարողությանը ելույթով հանդես է եկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ևս հայտնել է, որ կամուրջը կարևոր հանգույց է երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների հզորացման առումով։
Հիշեցնենք` կամրջի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի մայիսին։
Կառույցը բաղկացած է իրարից 1 մետր հեռավորության վրա գտնվող երկու զուգահեռ կամուրջներից, յուրաքանչյուր կամրջի լայնությունը 11.85 մ է, երթևեկելի հատվածի լայնությունը՝ 8.35մ, յուրաքանչյուր կամրջի երկարությունը՝ 160 մ:
Կամրջի կառուցման արժեքը ինը մլն եվրո է, Հայաստանը և Վրաստանը 50/50 ֆինանսավորել են այն՝ տրամադրելով չորսուկեսական մլն եվրո։