Երևանի քաղաքապետը ևս երկու հայց է ներկայացրել Իշխան Սաղաթելյանի դեմ

Հրաչյա Սարգսյանի ներկայացրած երեք հայցերն էլ նույն պահանջն ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կրկին դիմել է Վարչական դատարան` «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով, տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ քաղաքապետը հուլիսին կրկին նման դիմում էր ներկայացրել։
Այս անգամ Հրաչյա Սարգսյանը միանգամից երկու հայց է ներկայացրել. հայցի հիմքում ՀՀ վարչական օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասն է (առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը)։ Դիմումներից մեկը ստացվել է օգոստոսի 16-ին, մյուսը` 18-ին։ Երկու դիմումներն էլ մակագրվել են Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին։
ՔՊ-ականներն իրենց ծոծրակը կտեսնեն, բայց մեզ իրենց օրակարգով ԱԺ-ում չեն տեսնի. Սաղաթելյան
Հավելենք` վարչական տվյալ խախտման համար նախատեսված է 100-300 հազար դրամ տուգանք։